Փորձում եք խնայել, սակայն չգիտեք՝ ինչպե՞ս և ինչի՞ց սկսել: Տատանվու՞մ եք անձնական ֆինանսների կառավարման ուղիների ընտրության հարցում:
Նախևառաջ զինվե՛ք համբերությամբ և լավատեսությամբ: Անհանգստությունն ու հուսահատությունը միայն կխոչընդոտեն ռացիոնալ դիտարկման և որոշումների կայացման գործընթացներին:
Յուրաքանչյուր խնդրի լուծում պահանջում է նախևառաջ խնդրի բովանդակության և պահանջների հստակ ընկալում և վերլուծություն: Փորձենք նվազագույնս մասնագիտական լեզվով հասկանալ՝ ինչ է առհասարակ խնայողությունը, և ինչ է նշանակում կառավարել անձնական ֆինանսները:
Խնայել նշանակում է ստացված դրամական միջոցների մի մասը կուտակել՝ ապագայում որոշակի պահանջմունքների բավարարմանն ուղղելու նպատակով: Իսկ կառավարել անձնական ֆինանսները նշանակում է ղեկավարել սեփական ծախսերն ու եկամուտները: Բնականաբար, անձնական ֆինանսների կառավարման գլխավոր նպատակներից մեկը անձնական եկամուտների ավելացումն է: Այդ նպատակին կարող են ծառայել նաև ներդրումային նպատակով կատարված խնայողությունները:
Խնդրի բուն էությունը ներկայացնելուց հետո փորձենք հասկանալ, թե ինչպես կարելի արդյունավետորեն խնայել և կառավարել անձնական ֆինանսները: Խնդրի լուծման վերաբերյալ տրվել և շարունակում են տալ բազմատեսակ լուծումներ՝ մի շարք կանոնների հիման վրա: Տնտեսագետները, հոգեբանները, սոցիոլոգները և խնդրով հետաքրքրված այլ մասնագետներ առաջարկում են նախևառաջ կատարել անձնական ֆինանսների պլանավորում, խուսափել ավելորդ ծախսերից, չվատնել վաստակածին համարժեք չափով, խուսափել պարտք վերցնելուց և տալուց, չխնայել չափից շատ: Այս և այլ կանոններն առաջարկվում են ինչպես հաջողակ անհատների՝ սեփական փորձի, այնպես էլ մասնագետների կողմից կատարված հարցումների և հետազոտությունների արդյունքում կատարված եզրահանգումների հիման վրա: Այսուհանդերձ պետք է չմոռանալ, որ նման կանոնները միշտ չէ, որ աշխատում են բոլորի համար:
Սեփական եկամուտների ավելացմանը (լինի դա ներդրումային նպատակով կատարված խնայողությունների, լրացուցիչ աշխատանքի կատարման, նոր բիզնես գաղափարի ներդրման, թե այլ եղանակով) ձգտում են բոլորը: Արդար կերպով հարստանալը նման է նորամուծական արվեստի: Երբ դիտարկում ենք պատմության մեջ եղած ամենահարուստ մարդկանց ցուցակը, ովքեր հարստությանը հասել են զրոյական մակարդակից, այլ ոչ թե ստացված ժառանգությունների շնորհիվ, նկատում ենք ինքնատիպության, նորամուծության և եզակիության միտումներ: Այլ կերպ ասած, նման հաջողությունների մեծամասամբ հասնում են այն անհատները, ովքեր կարողանում են անել այն, ինչի մասին ուրիշները նույնիսկ չեն էլ մտածում: Այստեղից կարելի է հանգել փոքրիկ, բայց շատ կարևոր եզրակացության. թե՛ անձնական ֆինանսների կառավարման, թե՛ արդյունավետ խնայողությունների կատարման գործում անհրաժեշտ է ցուցաբերել անհատական մոտեցում:
Բնականաբար, ոչ բոլորն են սիրում զբաղվել ֆինանսներով, ոչ բոլորն են սիրում կատարել հաշվարկներ, ոչ բոլորին է հաջողվում նպատակային պլանավորումներ կատարել: ՈՒստի յուրաքանչյուր գործողություն կատարելիս հարկավոր է այն առավելագույնս փոխկապակցել սեփական հետաքրքրություններին:
Այժմ ներկայացնենք փոքրիկ, բայց ուրույն առաջարկ՝ անձնական ֆինանսների կառավարման և խնայողությունների կատարման գործընթացը հնարավորինս հետաքրքիր և արդյունավետ դարձնելու հետ կապված:
Ծախսերն ու եկամուտները, ինչպես նաև խնայողություններն ըստ կարևորության դասակարգելիս և պլանավորելիս փորձեք դրանք համադրել այն մասնագիտության կամ աշխատանքի հետ, որով զբաղվում եք: Եթե երաժիշտ եք, կարող եք եկամտածախսային առաջնահերթությունները համադրել Ձեր սիրելի նոտաների հետ և դրանք դասակարգել ըստ նախապատվության աստիճանի: Եթե զբաղվում եք սպորտով, դասակարգումը կատարեք անհրաժեշտ մարզումների Ձեր ցանկին համապատասխան: Եթե նկարիչ եք, առաջնորդվեք գույներով, բժիշկ եք՝ օգտակար սննդով, իրավաբան եք՝ օրենքների գերակայությամբ: Սիրում եք ճանապարհորդել, համադրությունը կատարեք Ձեր նախընտրած երկրների կամ վայրերի առաջնահերթությամբ: Այսպես շարունակ յուրաքանչյուր մասնագիտության և հետաքրքրության տեր անձ կարող է իր անձնական ֆինանսների կառավարումը և կատարելիք խնայողությունների պլանավորումը դարձնել հնարավորինս հետաքրքիր և ժամանցային:
Հետաքրքրաշարժությունից զատ այս մեթոդն ունի նաև մեկ այլ առավելություն: Այն թույլ կտա Ձեզ հասկանալ, թե որն է արդյունավետ խնայողությունների և եկամտածախսային կառավարման թույլատրելի սահմանը, հնարավորություն կտա գործնականորեն գիտակցել, որ չափից շատ խնայել և չափից շատ ծախսել չի կարելի: Որքան էլ դասակարգեք նոտաներն ըստ Ձեր նախընտրության, առանց մնացած նոտաների երաժշտություն չեք ստեղծի, օգտակար ուտելիքների ցանկը միշտ էլ ուղեկցող ցանկ կունենա, գերակայող օրենքները լիակատար և լիարժեք կդառնան մյուս օրենքների կիրառության հետ համատեղ, գույներն ավելի մեծ տպավորություն կգործեն երանգների բազմազանության դեպքում: Պարզապես քանակները, համամասնությունները, բաշխման սահմանները կկրեն անհատական բնույթ՝ անհատական պահանջմունքներից, ճաշակից, նախասիրություններից կախված:
Պարզապես հիշե՛ք, պարտադիր չէ հետևել հաջողակ անձանց կամ մասնագետների թելադրած կանոններին, հատկապես եթե դրանք անհարմարության, անհետաքրքրության և թերահավատության զգացում են առաջացնում Ձեզ մոտ: Ստեղծե՛ք Ձեր սեփական կանոնները և կերտե՛ք Ձեր իսկ հաջողության ուղին:
Հռիփսիմե ՀՈՎՍԵՓՅԱՆ